Տեսչական այցելությամբ այս օրերին ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի գլխավորությամբ Ռուսաստանում էր ֆուտբոլի 2018 թ. առաջնության կազմկոմիտեի դիտորդական խումբը: Որպես սկիզբ, հյուրերին ներկայացվել է վերակառուցվող «Լուժնիկի» հանրահայտ մարզադաշտը, որտեղ լինելու են առաջնության բացման ու փակման հանդիսավոր արարողությունները, մեկնարկային ու եզրափակիչ խաղերը:
Հայտնի է, որ, մարզադաշտի հետ կապված, լրջագույն խնդիրներ կային այն արդի պայմաններին համապատասխանեցնելու հարցում, ու նաև Բլատերի անմիջական ջանքերով է, որ «Լուժնիկին» պահպանել է արտաքին տեսքը, որպես համաշխարհային պատմամշակութային ժառանգություն:
Ինչ վերաբերում է մնացածին, շինությունը ներսից խոշոր փոփոխությունների է ենթարկվել, անհետացել են եթե ոչ ավելի վաղ անցյալից, գոնե մոսկովյան օլիմպիադայից մարզասերին քաջ ծանոթ վազքուղիները՝ հանդիսատեսին ավելի մոտ բերելով խաղադաշտին: Որքան էլ վերակառուցման արդյունքում կնվազեն նստատեղերը, այնուամենայնիվ «Լուժնիկին» կմնա աշխարհի խոշորագույն մարզադաշտերից մեկը:
Դիտորդական խմբի նիստում քննարկվող գլխավոր թեման եղել է առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքը, իսկ դրանք իսկապես ծավալուն են: Ռուսաստանի տասնմեկ քաղաքների տասներկու մարզադաշտերում պլանավորված առաջնությունը, բնականաբար, չի ենթադրում միայն այդ մարզադաշտերի կառուցում ու վերակառուցում: Ընդհանուր առմամբ առաջնության մասնակիցների տրամադրության տակ են լինելու 113 մարզադաշտ ու բազա: Սրանք իրենց հերթին ենթադրում են ենթակառուցվածքային բազմաթիվ հարակից այլ շինությունների կառուցում ու վերակառուցում՝ լինեն դրանք հյուրանոցներ, ժամանցի վայրեր, ճանապարհներ ու ճանապարհային հանգույցներ, թե մեկ ուրիշ բան: Ծրագրի իրականացման համար ընդգրկված են ֆինանսական ահռելի միջոցներ: Համեմատության համար ասենք, որ 664 միլիարդ ռուբլին Ռուսաստանի ընթացիկ տարում կազմելիք բյուջեի մոտ հինգ տոկոսն է: Իսկ եթե հաշվի առնենք, թե մինչև 2018 թիվը համաշխարհային տնտեսությունն ինչ փոփոխություններ կկրի, ճարպիկները այդ գումարից որքանը կգրպանեն, ու վերջնահաշվում իրականում ինչ կարժենա առաջնությունը Ռուսաստանին (Սոչիի օլիմպիադան հո՞ կենդանի վկայություն է), ակնհայտ է, որ խոսքը անհամեմատ մեծ գումարների մասին է լինելու:
Հայտնի է, որ առաջնությունը Մոսկվային հեշտությամբ չտրվեց: Վիրավորվածներ ու նեղացածներ մինչև այժմ էլ կան: Մասնավորապես Անգլիան մինչև հիմա չի հանգստանում իր հանդեպ եղած անարդարությունից, ինչի մասին թափանցիկ հիշատակեց և Զեպ Բլատերը, սակայն առաջնությունն իրականացնելու իրավունքը շնորհված է Մոսկվային, ու որ այն կատարելապես է հաջողելու, կասկած չկա, որքան էլ անբարյացակամները շատ լինեն ու շատ ջանան: Ռուսաստանը, չնայած ամեն կարգի խոչընդոտներին, փառահեղ կազմակերպեց Սոչիի ձմեռային օլիմպիադան, փառահեղ կանցկացնի և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ աշխարհին զարմացնելով բազմաթիվ նորամուծություններով ու անվտանգության պահպանման համար իրականացվելիք միջոցառումներով: Պարզապես պիտի հիշել, որ սա իր քաշն ու կշիռն իմացող տերություն է, իսկ սրանով թերևս ամեն ինչ ասված է:
Տեղեկացնենք նաև, որ բլատերյան այս այցի շրջանակում առաջին անգամ ի ցույց է տրվել առաջնության լոգոտիպը՝ իրականացված ռուսական մշակույթին հատուկ գույներով ու նախշազարդերով: Ի դեպ, այն բավական հակասական ընդունելություն է գտել մասնագետների շրջանում, սակայն սա արդեն առանձին թեմա է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ